301 թ. Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն նշանավորվեց ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհաքաղաքական շրջադարձային նշանակությամբ։ Մշակվեց հայ եկեղեցու կազմակերպման ազգային սկզբունքը, որը նպաստեց հայ ժողովրդի քաղաքակրթական առանձնացմանը հարևան ժողովուրդներից և ձևավորեց նոր ինքնության կայուն ու գաղափարական հզոր հիմք, որը հետագայում դարձավ ազգային դիմադրողականության և ինքնապահպանման առանցքային գործոններից մեկը:
Ազգային անվտանգության և ինքնության պահպանման գործընթացում ոչ պակաս նշանակալի հանգրվան դարձավ V դարի սկզբին՝ 405 թ., Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի գյուտը, որն իրականացվեց Սահակ Պարթև կաթողիկոսի հանճարեղ նախաձեռնությամբ և Վռամշապուհ արքայի անմիջական աջակցությամբ: Այն ուներ ոչ միայն կրոնաքարոզչական, այլև հստակ ազգային-քաղաքական և անվտանգային ծանրակշիռ արժեք։ 387 թ. Հայաստանի երկփեղկումից և պետականության թուլացումից հետո առաջնային խնդիր է դառնում մշակութային և գաղափարական այնպիսի համակարգի ձևավորումը, որը կապահովեր հայ ժողովրդի համախմբումը՝ անկախ քաղաքական սահմաններից և արտաքին ազդեցություններից։ Հայոց գրերի ստեղծումը, Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը հետագայում բնութագրվեց որպես «թարգմանությունների թագուհի», ինչպես նաև հայալեզու կրթական համակարգի ձևավորումը, դարձան հայ ժողովրդի մշակութային, լեզվական և հոգևոր ինքնության պահպանման հիմնասյուները։ Հայոց լեզվի գրավոր ամրագրումը և ազգային գրականության ձևավորումը ոչ միայն մշակութային առաջընթացի հիմք հանդիսացան, այլև վերածվեցին ազգային ինքնության պահպանման և արտաքին ազդեցություններին դիմակայելու ռազմավարական գործոնի։ Ֆրանսիացի հայագետ Էմե Մարթենը նշում է, որ «Հայերը յաջողեցան փրկել իրենց հաւատքին հետ նաեւ իրենց ազգութիւնը, մերժելով եւ արգելելով օտար ազգերու տառերուն գործածութիւնը…»:
Հայոց գրերի ստեղծումը ամրապնդեց ոչ միայն քրիստոնեական հավատքի ազգային ընկալումը, այլև ձևավորեց ինքնուրույն հայկական քաղաքակրթական տարածք։ Պատահական չէ, որ Նիկոլ Աղբալյանը նշել է. «Չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ»։
Ազգային ինքնության պահպանման գործում Հայոց եկեղեցու ռազմավարական հաջորդ կարևոր քայլն ազգային համախմբման և դավանաբանական անկախության ամրապնդումն էր։ Այդ համատեքստում Վարդանանց պատերազմը հայոց պատմության մեջ հանդես է գալիս որպես կրոնական ազատության և ազգային ինքնության պաշտպանության բացառիկ օրինակ։ Պատերազմի ընթացքում եկեղեցին վերածվեց ժողովրդի ազգային դիմադրությունը կազմակերպող և գաղափարապես առաջնորդող ուժի։ Ավարայրի ճակատամարտը, ըստ էության, դարձավ հայ ազգային ինքնության պահպանման սրբացված խորհրդանիշներից մեկը։ Հայ ժողովրդի համար քրիստոնեությունը հանդես էր գալիս ոչ միայն որպես կրոնական հավատամք, այլև որպես ազգային գոյության և ինքնապահպանման հիմնարար միջոց։ Հենց այս գաղափարական հիմքում է ձևավորվել հայ ժողովրդի գոյատևման պատմական բանաձևը, որը համազգային ճգնաժամերի և արտաքին սպառնալիքների պայմաններում վերաիմաստավորվել, վերարծարծվել և ազգային դիմադրության ուժի է վերածվել տարբեր ժամանակաշրջանների հայ քաղաքական, հոգևոր և հասարակական գործիչների կողմից։
Քաղկեդոնի ժողովի որոշումների մերժումը, ինչպես նաև 506 և 554 թվականների Դվինի, 1297 թվականի Նորավանքի և 1309 թվականի Ադանայի եկեղեցական ժողովներում քաղկեդոնականության պաշտոնական բանադրումը, դարձան Հայոց եկեղեցու դավանաբանական և քաղաքական ինքնուրույնության ամրապնդման կարևորագույն դրսևորումներ։ Ընտրելով հակաքաղկեդոնական (միաբնակ) ուղղությունը՝ Հայոց եկեղեցին իրականացրեց ոչ միայն դավանաբանական, այլև գիտակցված աշխարհաքաղաքական ընտրություն, որի նպատակն էր բացառել Բյուզանդական կայսրության հոգևոր ազդեցության ներքո հայտնվելու վտանգը։ Մաղաքիա արք. Օրմանյանը իրավացիորեն նշում է, որ Հայ եկեղեցու դեմ ուղղված դավանաբանական վեճերը «երբեք չխաթարեցին եկեղեցու հիմնական դիրքն ու հաստատուն նկարագիրը»։ Այսպիսով, Հայոց եկեղեցին ձևավորեց հոգևոր և գաղափարական այնպիսի պաշտպանական համակարգ, որը դարեր շարունակ ծառայեց որպես ազգային ինքնության պահպանման պատնեշ, որը հայությանն անխոցելի դարձրեց թե՛ պարսկական և հունական, իսկ ավելի ուշ նաև մահմեդական կրոնա-մշակութային ծավալապաշտության նկատմամբ:
Ավետիս Հարությունյան
Պատմական գիտությունների թեկնածու